News

Դոլարի արժեզրկումից մեծ վնասներ կրած հայ արտադրողներին ու արտահանողներին պետությունը պետք է լրջորեն աջակցի. Գործարար

Դոլարի արժեզրկումից մեծ վնասներ կրած հայ
արտադրողներին ու արտահանողներին պետությունը պետք է
լրջորեն աջակցի. Գործարար

«Հայ արտադրողներն ու արտահանողներն այս օրերին մեծ
վնասներ են կրում ոչ միայն դոլարի արժեզրկման, այլ նաեւ
Լարսում ստեղծված իրավիճակի պատճառով: Արտահանած
ապրանքի դիմաց վճարում են դոլարով, որն այստեղ արժեք
չունի, իսկ Հայաստանում հարկերը, տուրքերն ու
աշխատավարձերը վճարում են դրամով»,- «Դրամի կտրուկ
արժեւորումը եւ հայկական արտադրողների խնդիրները»
թեմայով ասուլիսին հայտարարեցին գործարարներ Կարեն
Խաչիկյանն ու Սոկրատ Գրիգորյանը:
Կարեն Խաչիկյանի խոսքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում
Հայաստանում, տնտեսական խնդիր է եւ կապված է դրամի
կտրուկ արժեւորման հետ: Վերջին մեկ ամսվա ընթացքում դրամն
արժեւորվել է մոտավորապես 15 տոկոսով՝ 520-ից դառնալով
430 դրամ: Շատ մեծ տատանում է 500 դրամի մեջ 100 դրամի
տատանումը: Թվում է, թե լավ է, որ դրամն արժեւորվում է, բայց
սովորաբար արժեւորվում է, երբ բարձր է դրամի պահանջարկը,
բայց չեմ կարծում, որ Հայաստանի տնտեսությունն այնքան է
հզորացել, եւ ավելի շատ տարադրամ է մտնում, քան դուրս
գալիս, որ դրամն արժեւորվի: Իրականում սա նմանվում է ինչ-որ
խաղի:
«Ահռելի մեծ է ներմուծումը՝ սննդամթերք, հացահատիկ,
տեխնիկա եւ այլն, ու շատ փոքր է արտահանման ծավալը,
հետեւաբար՝ այս ֆոնին դրամի արժեւորումը շատ տարօրինակ է:
Իսկ դա հայ տնտեսվարողին հնարավորություն չի տալիս
արտահանելու: Եթե մինչ այդ հնարավոր էր տեղական
արտադրողից գնել ապրանքը 500 դրամով, արտահանել ու
վաճառել 520 դրամով, ապա այսօր պահեստում առկա
ապրանքն այլեւս հնարավոր չէ վաճառել 1 դոլարով, որովհետեւ
այն դարձել է 430 դրամ: Ստիպված միջազգային շուկայում
ապրանքը թանկացնում ենք, ու հայկական ապրանքը դառնում է
անմրցունակ»,- նշում է գործարարը:
Կարեն Խաչիկյանը վստահ է, որ այս լուրջ խնդրին պետք է
լրջորեն արձագանքի պետությունը՝ ի դեմս Կենտրոնական

բանկի: Դրամի արժեւորումը շատ ավելի հեշտ է կանգնեցնել,
քան արժեզրկումը:
«Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ դրամ ներարկել
տնտեսության մեջ ու ստաբիլացնել վիճակը։ Երբ
արտահանումը համարյա լրիվ դադարեցված է, մոտ 5 հազար
մեքենա կանգնած է Լարսում, մեզ մոտ դրամն արժեւորվում է։
Տրամաբանական չի այն, ինչ կատարվում է»,- նկատեց
«Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանը։
Հարցին, թե ո՞րն է այն օպտիմալ տարբերակը, որից չեն դժգոհի
տնտեսվարողները, Կարեն Խաչիկյանը պատասխանեց, որ
օպտիմալ տարբերակը կայունությունն է։
«Իհարկե, ստաբիլությունն ամենաճիշտն է։ Երբ ես գիտեմ, որ ոչ
ավելանալու է, ոչ պակասելու է, ես ռիսկով կարող եմ վարկ էլ
վերցնել, ռիսկով կարող եմ կրեդիտով ապրանք ուղարկել այլ
երկրներ ու հանգիստ լինել, որ երբ էլ էդ գումարը ստանամ՝ նույն
արժեքն է ունենալու»,- նշեց նա։
Գործարարները դեռ Կենտրոնական բանկի հետ քննարկումներ
այս թեմայով չեն անցկացրել:
Դրամի արժեւորումն ու ռուբլու արժեզրկումը «Արմբազալտ»
ընկերության համար եւս դարձել են մեծ խնդիր: «Արմբազալտ»
ընկերության համահիմնադիր տնօրեն Սոկրատ Գրիգորյանի
ընկերությունը 2014-ին ռուսական ընկերության հետ
պայմանագիր կնքելուց, գործարան կառուցելուց ու մեծ
ներդրումներ կատարելուց հետո բախվել է ռուսական ռուբլու
արժեզրկմանը, արտադրանքը ստիպված վաճառել է
ինքնարժեքից ցածր գնով, հետո փորձել է դիվերսիֆիկացնել
բիզնեսն ու աշխատել եվրոպական երկրների հետ, ինչը
դանդաղ գործընթաց է: Արդյունքում՝ կորցրել է մի քանի միլիոն
դոլար, եւ գործարանը 2016թ. փակվել է:

«Այսօր գործարանն աշխատում է շատ քիչ ծավալով եւ
ակնկալում է պետության աջակցությունը ներդրումների տեսքով,
որովհետեւ մինչ հայկական ընկերությունը փորձում էր ոտքի
կանգնել, պետական ներդրումներով նմանատիպ գործարաններ
կառուցվեցին Ուզբեկստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:
Եթե պետությունն ուզում է զարգացնել ռազմավարական
ուղղությունները, ապա պետք է աջակցի տեղական
արտադրությունն ու արտահանումը: Հայկական
ընկերությունները եվրոպական շուկա մտնելու համար պետք է

սերտիֆիկացվեն: Էկոնոմիկայի նախարարությունն այսօր
համաֆինանսավորում է այդ սերտիֆիկացումը: Իմ ընկերության
արտադրանքի սերտիֆիկացումը մոտ 250000 դոլար է:
Նախարարությունը մեզ ասում է՝ գնա, ստացիր սերտիֆիկատ,
ես հետո 50 տոկոսը կփոխհատուցեմ: Էս դեպքում պետք է
պետությունն ինքը 100 տոկոսը ֆինանսավորի ու հետո
հնարավորություն տա ընկերությանը վերադարձնել այդ
գումարը: Դա կլինի պետության աջակցությունը»,- նշեց Սոկրատ
Գրիգորյանը: