«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ։ Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրներին։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արտադրանքի արտահանման և ներմուծման ընթացակարգերին, առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներմուծմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լոգիստիկ հնարավորությունների և կապիտալի շուկայի զարգացմանը, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ու առաջմղմանը և այդ համատեքստում միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին հայ արտադրողների մասնակցությանը։

Նախարարը ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և աջակցության ողջ գործիքակազմը, որից հետո պատասխանել է հարցերի, լսել գործարարների բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները հնարավոր լուծումների վերաբերյալ։
Ակումբը շարունակում է աշխատել պետություն-մասնավոր հատվածի փոխգործակցության բարելավման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական աճի համար։