Ավելի քան 300 հայ գործարար աշխարհի 10 քաղաքներից։ Ահա այսպիսի մասշտաբով է «Մանթաշյանց» բիզնես ակումբը նշում իր հիմնադրման հինգերորդ տարելիցը։
Մեկ ամբողջ օր Ծաղկաձորը վերածվել էր հայկական բիզնեսի համաշխարհային կենտրոնի, որտեղ ակումբի անդամ գործարարներն ու հրավիրված հյուրերը համահայկական գլոբալ բիզնես-ցանցի մաս դառնալու նորանոր հնարավորություններ ստացան:
Խոսելով «Մանթաշյանցի» անցած ուղու մասին՝ Ակումբի համահիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ակումբը վերածվել է ունիկալ կառույցի և սա դեռ միայն սկիզբն է։
«Մանթաշյանցի բիզնես հավաքին ներկա են եղել գործարարներ աշխարհի 10 քաղաքներից՝ Համբուրգից սկսած մինչև Ռոստով: Հայաստանում նման թվով գործարարներ այլ դեպքերում չեն հավաքվում», – նշում է Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ «Մանթաշյանցի» համար դա առօրյա պրոցես է, 3 ամիսը մեկ հավաքվում են: Բիզնես ակումբի 5-ամյակին նվիրված միջոցառման ֆորմալ հատվածում ակումբականներին ներկայացվեցին այս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և ապագայի ամբիցիոզ նպատակների ճանապարհային քարտեզը։