Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

29 Apr 2025

Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

«Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչները մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցում էին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից պատմագավորներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարություններից ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Քննարկումը կենտրոնացած էր վերջին շրջանում գործարար համայնքի կողմից բարձրացված մտահոգությունների շուրջ՝ մասնավորապես Պետական եկամուտների կոմիտեի և քննչական մարմինների կոշտ, իսկ որոշ դեպքերում՝ ոչ համաչափ գործելաոճի վերաբերյալ, որն արտահայտվում է գործարարների նկատմամբ հարուցվող քրեական գործերի և նրանց ձերբակալությունների աճով։

Հանդիպման հիմնական նպատակն էր համատեղ քննարկումների և օրենսդրական ու ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցով մշակել մեխանիզմներ, որոնք կբացառեն նմանատիպ դեպքերի կրկնությունը և կապահովեն հավասարակշռված ու կանխատեսելի գործարար միջավայր։

Ակումբի ներկայացուցիչները ներկայացրին գործարար համայնքի տեսակետները՝ ընդգծելով իրավական հստակության, կանխատեսելիության և գործընկերային վերաբերմունքի անհրաժեշտությունը բիզնեսի և պետական կառույցների միջև։

Քննարկման ընթացքում կողմերը կառուցողական երկխոսության շրջանակում պայմանավորվեցին շարունակել նման ձևաչափի հանդիպումները՝ ապահովելով երկուստեք բաց ու պատասխանատու համագործակցություն։

Միաժամանակ, արձանագրվեց ընդհանուր համաձայնություն այն մասին, որ բիզնեսին առնչվող համակարգային որոշումների մշակման և ընդունման գործընթացում պետք է առաջնահերթ տեղ տալ գործարար համայնքի կարծիքին ու առաջարկներին՝ որպես արդյունավետ տնտեսական քաղաքականության անբաժան մաս։